Կոմիտաս

Ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:


«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվելnayiri.com էլեկտրոնային բառարանից:

Վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել

գոցել-Փակել

ապրուստ-ապրելակերտ

ճկուն-Հեշտ ճկվող

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:

Հյուր-անոց

Լուս-ա-մուտ

հին-ա-մաշ

վիճակ-ա-խաղ

ոտն-աման

հուս-ա-խաբ

դժ-կամ-որեն

հայկ-ական

ան-պատճառ

3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:

5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:

Ցուրտը տարածվում էր, գլխում հայտնվել մի կարևոր միտք

6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:

Կոմիտասը-ուշադիր է, հյուրընկալ,բարի,հանդարտ,հպարտ էր։

7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:

Ես լսեցի Կոմիտասի կռունկ ստեղծագործությունը։ Կռունկ ստեղծագործությունը շատ տխուր է։ Երբ ես իմացա ոնց էր Կոմիտասը մահացել ես շատ տխուր էի։

8Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:

Որովհետև Կոմիտասը ստեղծել է խազերը։

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մերուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանքներ

  1. Համոզի՞չ էր հոր նամակը: Այո
  2. Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Ընտրությունդ պատճառաբանի՛ր:
  3. Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել): Հարգիր ուսուչիդ։
  4. Ո՞վ է քեզ համար ուսուցիչը: Պերբոնին
  5. Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ ուսուցիչը»…