Փղերի մասին

Փղեր, փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են։ Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։ Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական)։ Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են)։ Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում։ Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում։ Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը։ Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում։ Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ։ Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ։ Փղի ժանիքները՝ փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ)։ Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են։ Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը։ Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից)։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով։ Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր։ Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով։ Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը։ Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից։ Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով։ Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ։ Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը։ Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան։ Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ։ 

Leave a comment