Արարատ մարզ

Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.՝ Çiyayê Agirî),հանգած հրաբուխ Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı է, ağrı՝ բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Leave a comment